ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԶՈՒԼԱԼՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ, ԶՈՒԼԱԼՎԵ՛Ք

ԶՈՒԼԱԼՎԵ՛Ք, ՊԱՐՈՆԱՅՔ, ԶՈՒԼԱԼՎԵ՛Ք
16.03.2012 | 00:00

Թվում է, ընտրություններից առաջ երբեք մեր քաղաքական դաշտն այսքան «խառն» ու տրամաբանությունից զուրկ չի եղել:

ՄԱԿ-Ի ԳՈՒԳՈՆ` ԲՀԿ-ՈՒՄ, ԱՆԱՆԸ` ՍԻՐԻԱՅՈՒՄ
Սկսված կուսակցական-համամասնական «մեծ գաղթը» երբեմն ծիծաղելի, շատ դեպքերում էլ հռհռալի է դառնում` անսպասելիության, ֆարսը ողբերգության վերածելու իր առաջանցիկ տեմպերով:
Իհարկե, կարելի էր թոփ տասնյակ կազմել և ամենատխուր ցուցակագրումը համարել մեր լավ ընկեր Գուգոյի «լիբերալ-գաղափարական» համամասնումը ԲՀԿ-ին` համագումարը կիսատ թողնելու, դրսում ԲՀԿ առաջնորդին սպասելու և մնացած «նրբություններով» հանդերձ` միշտ մտքում պահելով Օսկանյանի շռնդալից մուտքը ԲՀԿ, նույնքան շռնդալից, անկապ հարցազրույցը` տրված «Երկիր մեդիային», սակայն շարունակական գործընթացները` ՀՀԿ-ի, ՀԱԿ-ի և մնացած կուսակցությունների ու անձերի շուրջ, եկան ասելու` «то ли еще будет»,

Օ՛Յ-Օ՛Յ-Օ՛Յ
Բայց քանի որ ելնելու ենք արդեն իսկ հաստատված օրինաչափությունից, այն է` քաղաքականությունը երկրորդն է հայտնի պրոֆեսիայից հետո, փորձենք մոռանալ, որ, իսկապես, ինչ-ինչ սպասումներ այս ընտրություններից ունեինք, որովհետև և այո, փոփոխվող աշխարհում ռեստավրացվող Մերձավոր Արևելքում, մեր շնչի տակ հևացող Իրանի պարագայում, ինչպես նաև միջազգային հանրության աչքում որոշակի դերակատարություն ստանձնած Հայաստանը (որի ղեկավարն էլ, ոնց որ թե, ունի այս ամենի գիտակցումը) պետք է որ իսկապես աներ ամեն ինչ, որպեսզի Հայաստանում նոր քաղաքական դաշտ գծվեր: Համենայն դեպս, վերադասավորությունների նոր «դոսկա» ստեղծվեր: Ասել է` ուրիշի, կոնկրետ Ռուսաստանի սխալի վրա սեփական պառլամենտական ընտրությունների զորաշարժը իրականացներ` անթերի ու անխոցելի, հետագա հետընտրական գործընթացներից և «խմորումներից» խուսափելու համար: Ինչի տառապանքը ինքը և մենք բոլորս արդեն իսկ ունենք. իսկ երբ մի բան մեկ անգամ լինում է, կրկնվելու տիեզերաբանություն ունի:
Հստակ համոզված ենք` Սերժ Սարգսյանը, իսկապես, դեռ 2007-ից ցանկանում էր իրականացնել լուրջ, տրանսֆորմացիոն գործընթացներ: Սակայն իրադրությունը թույլ չտվեց իրականացնել (պայմանականորեն անվանած) այդ «հայկական երազանքը»:
Դա անել չթողեցին ոչ միայն ներքին իրողությունները, անձնային պլանը (հնարավոր չէր` Քոչարյան շահած-պահած մարդուն միանգամից հզոր տրանսֆորմացիա տրվեր` բնությունից), ինչպես նաև մեր մեծ հարևանը` Ռուսիան: Ո՛չ 2008-ին, և ո՛չ էլ հիմա Ռուսիան թույլ չի տալիս Սերժը կատարի իրական, ռեֆորմիստական քայլեր, որոնք նոր քարտեզ կգծեն երկրի ներսում:
Այո, մեծապետականությունը նման փոփոխության առաջին թշնամին է:
Եվ այսօր, ինչպես 2008-ին, Սերժ Սարգսյանը գնում է «կոնյունկտուրնի», լավագույն դեպքում` կիսալուծումների. գործարարների համար մեծամասնականով հնարավորինս զատում ապահովելով (այս կիսալուծումը ձեռնտու համարենք նաև Սերժ Սարգսյանի համար. նա այս պահին չէր կարող ազատվել գործարար խավից` հազար ու մի պատճառներով):
Մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանի ձեռքերը կապող Ռուսաստանին հեչ ձեռնտու չէ, որ ՀՀԿ համամասնական ցուցակում-թիմում լինեն ոչ օդիոզ, գաղափարական, նորմալ գործիչներ, որոնք, ասենք, կարող են մեկ էլ ու` դեմ դուրս գալ ռուսական ռազմաբազաներին (հասկանալի չէ՞` յուրաքանչյուր նորմալ մարդ իր ձայնը կբարձրացնի այդ առնչությամբ կամ մինիմում կասի` Ռուսաստան, բարի եղիր, փող վճարիր էդ բազաներիդ դիմաց, ինչպես միլիարդներ է քեզնից պահանջում Ադրբեջանը` Գաբալայի դիմաց):
Հաջորդիվ. Ռուսաստանն իր բարձր հովանու տակ է առնում ԲՀԿ-ին, կատարելով հաջորդ քայլը` այնտեղ տեղակայում է Քոչարյանի ֆավորիտ Օսկանյանին, ընդհանրապես խառնելով Սերժ Սարգսյանի խաղաքարտերը:
Շարունակությամբ «շուխուր» է դրվում, որ ԲՀԿ-ում կհայտնվեն Հմայակը (Կարեն Դեմիրճյանին երբեմնի առաջադրած ռուսիստական ՀԱՍԿ-ը արդեն իսկ հայտնվել է ԲՀԿ «ընտանիքում»), Ռուս-Բելառուս սիրող Աղասի Արշակյանը, և վերջապես «Նուռը» (պարոն Օսկանյան, ո՜նց եմ Ձեզ սիրում, Ձեր առջև խոնարհվում այս համեմատության ներքո. եղե՛ք և շարունակվե՛ք, Վարդան Մինասիչ, որովհետև «Նուռը»` վերջն է)` Արամ Հարությունյանը:
Շարունակությամբ ԲՀԿ-ում կարող են հայտնվել Ծառուկյանի խոստացած` «լայն համագործակցության», մի հարյուր անգամ օգտագործված «մույս» կուսուժերը ևս, որպեսզի Ազատիչ Սերժը չկարողանա իրականացնել, ինչպես ասացինք, իր հայկական երազանքը` փոխակերպմանն ու նորոգմանն առնչվող, որովհետև «համագործակցության» այլ արժեքային համակարգ էր գծվում նրա համար` թե՛ ներսից, թե՛ դրսից:
Իսկ «համագործակցությունը» «համագործակցությամբ» են հանում, ինչպես սեպը` սեպով. հա՜, համագործակցության լայնն է լավը, սեպավորը, բերնեբերանը, մասամբ էլ` լափառոշը:
ՈՒ ՀՀԿ-ում էլ «ունեցանք» մի քիչ ՄԻԱԿ, մի քիչ Խոսրով, երկու քիչ` Գեղամյան, ուսուցիչ, կին` ատամնատեխնիկ, բիզնես շոուի ներկայացուցիչ (աղերսում ենք Ազատիչին, մի հոգի էլ գեոպոլիտիկայից լավ, շատ լավ հասկացող «քյուլփաթ» դնել էդ ցուցակում. էնքան մեղք ենք, արդեն քանի տարի Մերձավոր Արևելքը պայթում է, աշխարհը պայթում է, մի ՀՀԿ-ական, մի պատգամավոր չենք գտնում` «душа в душу» էդ մասին խոսենք. չնայած հետ եմ վերցնում խնդրանքս. Դավիթ Շահնազարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ից գալու են, էլ չենք ասում քայլող գեոքաղաքականություն Վլադիմիր Կարապետյանին):
Մի խոսքով, հազար ափսոս, վերադասավորվելու, նորոգվելու հերթական կորսված շանսի համար, որի մեղավորը, թերևս, բոլորս ենք:
Մի բան էլ ասեմ, որ ՀՀԿ համագումարին «ձոնված» նյութիս մեջ չէի ասել` ՀՀԿ օբամայական կարգախոսի «մոմենտով»: Կարգախոսը թե՛ Բարաքի, թե՛ Սերժի դեպքում մասամբ սխալ էր կառուցված. պետք է լիներ ոչ թե` հավատանք, որ փոխենք, այլ` հավատանք, որ փոխվենք:
Երբ ինքդ քո ներսում (ներսո՜ւմ) փոխվում ես, դինամիկայի օրենքով փոխվում է նաև քեզ շրջապատող ամեն ինչը. սա, ուրեմն, բոլոր «դուխովնի» գիտությունների, փիլիսոփայությունների ալֆան ու օմեգան է. փոխում ես մտքերդ, մնացած ամեն ինչը, աշխարհը վզզալեն ընկնում է իր տեղը:
Ոչ մեկին և, առաջին հերթին, Սերժին, չմեղադրելով, դառնամ ինձ ու ասեմ. ուրեմն ես բավարար չեմ փոխել ինձ, ուստի ես` անձս եմ մեղավոր ընդհանրապես իմ շուրջը տեղի ունեցող ամեն ինչի, այդ թվում և` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ ցուցակներում կատարվողի համար, որոնց «նայելիս», ազնվորե՜ն, լացս էնպես է գալիս, ու մի «նե՛նց» անտեսանելի թախիծ է թափվում վրաս:

ԲԱՅՑ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՈՒՆԵՄ ԲՈԼՈՐԻՍ
Կա նաև խնդրի երկրորդ պլանը: Ինչն առավել կարևոր է:
Հասկանո՞ւմ եք, իրականում տրանսֆորմացիա` փոխակերպում իսկապես տեղի է ունենում: Սակայն ոչ մեր հասկացած ձևով: Հակառակ կողմից: Է՛լ ավելի խորքային ու իրական:
Հաստա՛տ:
Այս մեծ գաղթը, որ սկսվել է դեպ համամասնական ցուցակներ, ի՜նչ փառահեղ ճշմարտություն է արձանագրում (ճանաչենք ճշմարտությունը, և այն մեզ կազատագրի)` տեսակը գտնում է տեսակին, և այն, ինչ թաքուն էր, դառնում է հայտնի (մերսի, պարոն Օսկանյան, և ականջներ քաշող Ռոբերտ Սեդրակիչ, Ձեզնից սկսվեց պրոցեսը):
Այո, սկսենք նույն ԲՀԿ-ից. Օսկանյանը` յուր Քոչարյանով, չորս տարի փարդի քամակից հետևում, կսմթում, յուրյանց ամբիցիաներն էին լցնում մեր հիվանդ, ցամաքած գլխի վրա, հիմա ամեն բան ընկավ իր ճիշտ տեղը: «Նստեց» Օսկանյանը ԲՀԿ-ում, «Երկիր մեդիայում», ասաց մտքեր, ու պարզվեց` դրանք հեչ էլ աշխատող ու հեչ էլ մտքեր չեն:
Ասել է` ԲՀԿ-ն, որ համարվում է Քոչարյանի «չադան», սկսեց իր որբերին, տարագիրներին իր հարկի տակ հավաքելու, իր կերպարին ծառայեցնելու գործընթացը:
Գուգոն` նույնը: Նա միշտ էլ համարվել է Քոչարյանի սիրելին ու 2003-ի քինդերսյուրպրիզը:
Մնացած բոլորը, ովքեր էլ կգան, «քոչարյանիստ» և ռուսիստներ կլինեն:
Ասել է` զուլալում է գնում, բացվում է քաղաքական փակ սպիրալը, ամենքը հայտնվում են իրենց ճիշտ տեղում:
Նույնը` Լևոնն ու ՀԱԿ-ը. Լևոնն ասում է` Օսկանյանը, որ մտել է ԲՀԿ, դա Օսկանյանի և Ծառուկյանի ինքնուրույնության ուժեղ արտահայտությունն է (մի հռհռացեք, ախպոր նման, հավես չկա):
Հա, հերթական անգամ Տեր-Պետրոսյանն ասում է, որ իր հույսը նրանց, այն է` ԲՀԿ-ի վրա է: Ասել է` Լևոնը կրկին խաղում է Քոչարյանի հետ ու չի էլ թաքցնում դա: Իսկ էդ ռեֆրենը` «Իմ փոքրիկ նավակ, իմ փոքրիկ նավակ, կհասնե՞ս արդյոք ծովին կապուտակ»` առ Քոչարյան ու փոխադարձ, լոկ կոսմետիկ ծխածածկույթ է:
Փաստորեն և այո, ՀԱԿ-ը նույնպես զուլալվում է, ինչը ևս ողջունելի է:
Հիմա` ՀՀԿ-ն. հենց միայն Շուշան Պետրոսյանի պարագան հերիք է, որ պնդես. ՀՀԿ-ն էլ է զուլալվում: Պարզապես ամենքը «խելագարվում են յուրովի»:
Շուշանը միշտ էլ ՀՀԿ-ական է եղել. դեռ Վազգենի ժամանակներից (դե, հիմա ոնց ուզում եք` տեղավորեք էդ տաղանդավոր երգչին պառլամենտի քաղաքական-ՀՀԿ-ական նստարանի վրա. իր ընտրությունն է, իր դիմակայելու, հատուցելու խնդիրը):
Ի դեպ. մեր Վազգենն ուներ մի ահավոր հատկություն. նա սաղ կյանք սիրում էր Կարեն Դեմիրճյանին (Սերժն էլ երևի զերծ չէ այդ մանկական հիվանդությունից. Ազատիչը, ոնց երևում է, ընդհանրապես մեծ սեր ունի երաժշտության նկատմամբ):
Դեմիրճյանի նկատմամբ Վազգենը երբեք չէր կորցրել կոմսոմոլի իր հիացմունքը ու դա չէր էլ թաքցնում, դրա համար էլ շատ հավեսով դաշինք կազմեց նրա հետ:
Ի դեպ, «կոնյունկտուրնի» այդ որոշումը «պատժեց» ոչ թե Քոչարյանը, ինչպես ընդունված է պնդել ժողովրդի մեջ, այլ տիեզերքը` «դուխովնի», գաղափարական «միքսը» բացառելու համար. Աստված երբեք թույլ չի տալիս խառնակվել. որպեսզի գործի սկզբունքը` Աստծունը` Աստծուն, կայսրինը` կայսրին, սովետականը` սովետականին, անկախությանը` անկախությանը:
Սա է օրենքը: Պետք է շատ զգույշ լինել, երբ «խառնակում» ես:
Բայց նյութս ավարտում եմ Շուշանի մասին «շուշան» ու սիրուն պատմությամբ։ Այդ ժամանակ` հոկտեմբերի 27-ին, ես աշխատում էի կառավարության լրատվականում, ու մենք գրեթե ամեն օր, Վազգենի ցավոտ մահից հետո, պատմում էինք այս սիրուն պատմությունը. ասում են` Շուշանը չի մասնակցել Վազգենի թաղմանը, հետո` երեկոյան, Վազգենի թիկնապահների հետ գնացել է Եռաբլուր ու նրա թարմ շիրմի մոտ, ողջ Եռաբլուրով մեկ, աղաչաձայն երգել այն բոլոր երգերը, որ սիրում էր Վազգենը։ Ասում են` թիկնապահները հեկեկում էին այդ ողջ ընթացքում:
«Սե՜նց» բաներ, ժողովուրդ ջան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ